Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում տեղի ունեցավ Գերմանախոս երկրների շրջանավարտների միավորման (AADL-DAAD) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի   «Կրթություն, գիտություն, աշխատաշուկա. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումը:

Իր հատուկ ողջույնի խոսքով (հեռավար) հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն պրն Թոմաս Շրապելը:

Առանձին ներածական խոսքով հանդես եկան ԳԴՀ դեսպան պրն Միխայել Բանցհաֆը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը և Գերմանախոս երկրների շրջանավարտների մաիվորման նախագահ Մերի Նավասարդյանը: Կարևորվեցին Հայաստանում գերմանական կրթական համակարգի փորձի ներդրմանն ուղղված ռազմավարական փորձերը ՝ աշխատաշուկայում ակնկալվելիք հաջողութուններին հասնելու համար:

DAAD շրջանավարտների կողմից ներկայացվեցին այն բոլոր ձեռքբերումները, մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք իրենց դերն են կատարել գերմանական կրթական ուղով անցնելիս և հիմնասյուն են հանդիսացել հետագա հաջողություններին հասնելու հարցում: Գերմանական կրթական համակարգն առանձնանում է իր բարդությամբ, բարձր որակով և աշխատաշուկայում առկա մեծ մրցունակությամբ: Այդ է պատճառը, որ գերմանական ինչպես գիտական, այնպես էլ աշխատանքային փորձը հատկապես բարձր է գնահատվում հայկական աշխատաշուկայում:
Հայկ Բայադյանը (DAAD մագիստրոսական կրթաթոշակակիր) Գերմանիայում ստացած կրթությունը և նույնիսկ կարճաժամկետ աշխատանքային փորձը համարում է  իր մասնագիտական աճի երաշխավորներից մեկը:
Ըստ Աննա Վարդանյանցի (DAAD մագիստրոսական կրթաթոշակակիր) գերմանական կրթական փորձը հնարավորություն է տալիս որպես մասնագետ մեկ քայլ առաջ լինել աշխատաշուկայում և արագ զարգացման հեռանկարներ է ապահովում:
Գիտությունը և աշխատաշուկան պետք է խոսեն նույն լեզվով՝ արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու համար: Այս կարծիքին է հանգել DAAD հետազոտական կրթաթոշակակիր դր. Արփինե Փիլոյանը:
Ըստ ներկաների հարկավոր է ունենալ միջնորդող օղակ, որը կապող կամուրջ կհանդիսանա կրթության, գիտության և աշխատաշուկայի միջև: